Հետ
«Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղի վեցերորդ դասարանի աշակերտ Ավագ Գասպարյանը, դպրոցական շենքի ավերակների մեջ, բետոնե հսկայական ծածկասալի տակ պառկած, իր նման կենդանի մնացած, բայց սոսկալի ցավից տառապող իր դասընկերների խնդրանքով ոտքը չի շարժել... Քանի որ այն հետ քաշելիս պանելը ավելի էր սեղմում մյուսներին» («Երկրաշարժի հարկում. ռեպորտաժ հիվանդանոցից», Վ. Ոսկանյան, «Խորհրդային Հայաստան», 1988, դեկտեմբերի 16)։
«Առաջին իսկ ցնցման ժամանակ (Լենինականի թիվ 16 դպրոցի) երիտասարդ ուսուցչուհին կոպտորեն բղավում է երեխաների վրա` շտապ դուրս կորեք։ Վախեցած երեխաները, որ դեռ երբեք իրենց ուսուցչուհուց վիրավորական խոսք չէին լսել, դուրս են թռչում դասասենյակից։ Ամբողջ դպրոցից միայն այդ ուսուցչուհու երկրորդ դասարանցի աշակերտներն են փրկվել»։ («Հինգ ժամ մանկական ֆոնդում», Վ. Դոլգանով, «Ավանգարդ», 1988, դեկտեմբերի 18)։
«...Ձեռքերի վրա հնգամյա մանկիկին բժիշկների մոտ է բերում հայրը` առանց ոտքի. լռված է եղել, ինքն է կացնով կտրել։ Եվ երջանիկ է` փրկել է»։ (Միխայիլ Ջինջիխաշվիլի, Թամազ Լոմսաձե, «Զարյա Վոստոկա» թերթի «Շարժական թղթակցակետ», 1988, դեկտեմբերի 14)։
«Մեկ-երկու ժամ (Սպիտակում) փլատակները քանդելուց հետո բացվեց մի գրկաչափ անցք, որից Արտաշեսը (Երեւանի Սպանդարյանի շրջանի միլիցիայի սերժանտ Արտաշես Ալեքսանյան) կենդանի հանեց ինը երեխա»։ («Շատերից մեկը՝ ասենք այսպես», Վահրամ Մարտիրոսյան, «Գրական թերթ», փետրվարի 10, 1989թ.):
Երկրաշարժից «արդեն մեկ-երկու րոպե անց սահմանապահները, հրամանի չսպասելով, թռան-անցան մանկապարտեզը զորամասից բաժանող ցանկապատը... բեկորների կարկուտի տակ, փոշու թանձր քուլաների մեջ սկսեցին փնտրել ու դուրս բերել երեխաներին։ Բոլոր 250 մանչուկներն ու աղջնակները փրկվեցին»։ («Երեք մետր մինչեւ կյանքը», «Կոմսոմոլսկայա պրավդան», 1988, դեկտեմբերի 20)։
«Բուժծառայության պետ Ս. Ա. Շապորևը, որ մի վայրկյան չկտրվեց հապաղում չհանդուրժող հոգսերից։ Որդուն կարողացավ միայն մի օր անց գտնել։ Ուշացավ, հնարավորություն չունենալով վիրահատարանից բացակայել հոսպիտալի բաժնի վարիչ, կուսկազմակերպության քարտուղար Ա. Ի. Բարիշևը։ Զոհվեց նրա դուստրը։ Վիրաբույժ Դ. Կ. Յուսիբովն օրուկեսում կատարեց 36 բարդագույն վիրահատություն»։ («Հերոսի անունն է` Բանակ», Ստանիսլավ Կոստերին, «Սովետսկայա Ռոսիա», 1988, դեկտեմբերի 16)։
«Ինձ փորեցին-հանեցին մոտ մի ժամ անց։ Իմ ընկերներն էին... ու տեղացիները։ Երբ ինձ տանում էին ուղղաթիռ, նոր հասկացա, թե ինչ սխրանք են կատարել։ Սպիտակով մեկ միայն փլատակներ են, որոնց տակ մարդիկ են։ Բայց մեզ` կուրսանտներիս չլքեցին, օգնեցին»։ («Փրկել, սնել, տաքացնել», Ս. Բաբլումյան, Մ. Կրուշինսկի, Ա. Պրոցենկո, «Իզվեստիա», 1988, դեկտեմբերի 10)։
«Դատապարտյալ Լ. Մարտիրոսյանը (որն ազատ էր արձակվել հարազատներին հուղարկավորելու համար) Լենինականում փլատակները մաքրելուց գտել է 38.000 ռուբլի։ Փողը նա անմիջապես հանձնել է պետության ներկայացուցիչներին»։ («Բանտից ազատված են... մի շաբաթով», Ա. Իլեշ, «Իզվեստիան», 1988 թ. դեկտեմբերի 27)։
«Խոստովանեմ, ես բժշկական խորհրդատու եմ եղել Ջեյմս Բոնդի մասին վերջին սերիաների նկարահանումներին... Ես (այստեղ) տեսա իսկական սուպերմենների։ Այս մարդիկ, որ հիմա փրկում են տուժածներին, արժանի են ֆիլմերի ու գրքերի». Վաշինգթոնի «Լայֆ սթար ինթերնեյշնլ» կորպորացիայի նախագահ Ջեյմս դ'Օրտա։ («Փրկարարական ճեղքում», Ն. Դոմբկովսկի, հատուկ թղթակից, «Սովետսկայա Ռոսիա», 1988, դեկտեմբերի 16)։